1
Սկիզբը - աղաղակով, նզովքով ու ցասմամբ,
ավարտվում է… սակայն չի ավարտվում այն,
շարունակվում է կրակ-մրմունջներով, մեղքով,
հուսասպանությամբ ու աղաղակով անձայն…
2
Տեղահանության պահին սատանան ներկա է,
և Աստված է ներկա,- նրանք կողք կողքի հետևում են անխոս,
թե ինչպես է մարդը արմատախիլ արվում իր հողեղեն սիրուց
և կորցնում պատկերն իր աստվածատուր:
3
Ոտնահետքեր ես թողնում սառը ունայնության
և ո՛չ հողի վրա, որ նվաճված է արդեն լիաչափ՝
այլոց տենչանքների զորաբանակով:
4
Քեզ տեսնում են, հենվում քո խռովքի վրա,
հաշվում են կորուստներդ հասույթի երկար աղյուսակի մեջ,-
նրանք ճգնում են ավարառել քեզ ու մսխել ոգիդ,-
չե՛ս արտացոլվում նրանց աչքերում, նրանց նվիրական,
ներքին հայելու մեջ դու ջնջվող կետ ես,
և այն ուրվականն ես, որով փորձում են սարսափի մատնել յուրայիններին:
6
ՈՒղիդ չափվում է խոր հառաչանքով,
և անչափելի տառապանքն է քեզ խթանում լինել ողջ ու գոյական,-
անվերջանալի տեղաշարժի մեջ ես, իսկ իրականում -
դու լեզուդ կծած՝ հա՜ պտտվում ես քո ստվերի շուրջ,
որ նշմարվում է անգամ խավարում,
բախտիդ անհատակ իջվածքներում նաեւ:
8
Տեղահանությունը վայրից վայր չէ, այլ՝
թռիչքից՝ անկում, երազից՝ խորշեր իրականության,
սիրուց՝ քամահրանք, կյանքից՝ հուշ-ճամբար ու տեսիլատեղ:-
Դու հաշվառված ես նոր ու ձևական գրանցամատյանում,
քեզ կանչում են փուչ ասուլիսների,
բայց քո անունը չի՛ հնչում Երկրում – այլեւս, գուցե չհնչի երբեք:
10
Մեղք է երկիրը, երբ հեռանում ես,- բռնությամբ թե կամոք,-
միայնակ է մնում, պարապ ու խաբված,
քո սիրո էդ ի՞նչ շողքով կարող ես սփոփել նրան,
ի՞նչ քավութամբ ես շունչ տալու երկրիդ կոտրված սրտին…
11
Կորած ամեն ինչ քո ներսում է հիմա,-
ծանրաբեռն նավակ ես ժամանակի խորշում,
եւ սրտապատառ սպասում ես Դարձի քամիներին…
10-11.08.2025
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ